Ներսես Ստեփանյան. «Տատնի» գործարանի գործադիր տնօրեն

Ներսես Ստեփանյան Անցնող տարին «Տատնիի» համար հաջողությունների ամրապնդման եւ կրկնապատկման տարի էր: Հենց այն փաստն, որ այս տարի երկրի նախագահը ԱԺ ընտրությունների նախօրյակին այցելեց գործարան, բակում, ի նշանավորումն իր այցի, եղեւնի տնկեց, խոսում է տարածաշրջանում գործարանի կարեւորության եւ դերի մասին: Այդ այցի արդյունքում էր, որ ասֆալտապատվեց Աղիտու-Շամբհէկ չափազանց անմխիթար եւ վտանգավոր դարձած ճանապարհը եւ ուժի մեջ է մինչեւ Լեռնաշեն հատվածի ասֆալտապատման խոստումը:

Այս տարի, իսկապես, կրկնապատկվել է գործարանի արտադրանքը: Արդեն արտահանվել է 100 տոննա պատրաստի արտադրանք, կարտահանվի եւս մոտ 80-100 տոննա: Մեր արտադրանքը, որ հիմնականում սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, նոր շուկա է գտել: Հատկապես` ջրերի մեծ պահանջարկ են ներկայացնում Արաբական երկրիներից, Ավստրիայից, Ամերիկայից: Այսօր շուկա գտնելը ամենամեծ խնդիրն է, բայց, ինչպես ասում եմն, շուկան ինքն իր ոտքով է գտել մեզ, եւ պիտի կարողանանք նրա պահանջարկը բավարարել: Օրեկան 25 տոննա ջրի, այսինքն` 20-25 հազար շշի պահանջարկ է ներկայացվել: Տեխնիկական որոշ խնդիրներ լուծելուց հետո գործարանի արտադրանքը կսպառվի նաեւ այդ շուկաներում:

Սեզոնի ընթացքում պահածոների գործարանում աշխատեց 100, ջրերի գործարանում` 45-50 մարդ: Անգամ` աշխատուժի պահանջարկ կար, եւ այն ապահովում էինք ոչ միայն Ձորերի ենթաշրջանի բնակավայրերից, այլեւ` Սիսիանից բանվորներ բերելով:

Երկար տարիներ որեւէ կառույցում չաշխատելով` մարդիկ, կարծես, ետ են վարժվել աշխատանքից` անգամ 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում: Հոգեբանական այն արգելքը, որ գերակայությունը տալիս են իրենց կովին, իրենց հողին, իրենց այգուն, ավելի ամուր է նստած գյուղաբնակի հոգեբամության մեջ: Գործարանի առկյությունը, կարծում եմ, կամաց կամաց կհաղթահարի այդ բարդույթը, եւ գյուղացին, նախկինի պես, կնախընտրի աշխատել եւ գործարանում եւ իր հողի եւ այգու վրա:

Տարին հագեցած էր նաեւ բարեգործական ծրագրերի իրականացմամբ: «Սյունիք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցելով` սննդամթերքով օգնեցինք մարզի մանկապարտեզներին ու դպրոցներին: Վերանորոգվեց Արզումանի կամուրջը, շարունակվում է Դարբասի սբ. Ստեփանոս եկեղեցու հովվատան կառուցումը, հաջողությամբ գործում են եկեղեցուն կից բրուտագործական արհեստանոցն ու թանգարանը: Նպատակ ունենք Անգեղակոթում կանդնեցնել Վարդան Զորավարի հուշարձանը:

Ձորը ապրում է` ապրեցնելով ձորեցիներին: Իսկ «Տատնին» Ձորի մարդու ազնիվ աշխատանքի արդյունքը տանում-հասցնում է ամենուր` որպես նրա խորհրդանիշ:
Ներսես Ստեփանյան

Աննա Գրիգորյանը նկարահանվել է «Tatni»-ի գովազդում

Աննա ԳրիգորյանըՀաղորդավարուհի, մանեքենուհի Աննա Գրիգորյանը նկարահանվել է գովազդում, որը նախատեսված է ռուսական շուկայի համար: Աննան նկարահանվել է «Tatni» ջրի երեք գովազդում, որոնցից մեկում պարում է, մյուսում թենիս է խաղում, իսկ երրորդում ճակատագրական կնոջ է մարմնավորել:

Աննան «esyes.am»-ին հայտնել է, որ առաջարկը եղել է Վալերի Սահարյանի կողմից: «Բնականաբար, չմերժեցի, քանի որ շատ պրոֆեսիոնալ անձնակազմ և հետաքրքիր թիմ էր հավաքվել»,- ասաց մանեքենուհին և հավելեց, որ նկարահանումները Ռուսաստանում են կայացել:

Անդրադառնալով արտերկրում մոդելային գործունեություն ծավալելուն` Աննան անկեղծացել է, որ նման ցանկություն վաղուց ունի. «Փոքրիկ քայլեր եմ անում այդ ուղղությամբ, սակայն առայժմ չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ դեռ հստակ չէ: Ամեն ինչ շատ թեթև ու ոչ արագ քայլերով է առաջ ընթանում: Երբ նորություններ ունենամ, անպայման կտեղեկացնեմ, ուղղակի հիմա դեռ չունեմ այնպիսի նորություն, որն արժանի է հրապարակման»:Աննան նշել է, որ այս շրջանն իր կյանքում խաչմերուկային է, քանի որ այս տարի ինքն ավարտում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը. «Գուցե անկանխատեսելի ծրագրեր առաջ գան: Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղից ինչ լավ առաջարկ կունենամ: Լեզվաբանի, հաղորդավարի և մոդելի մասնագիտություններս խառնվել են. որտեղից ավելի լավ առաջարկ ստանամ, կամ ինքս հասկանամ, որ այս պահին այդտեղ ավելի շատ անելիք ունեմ և, ուժերս փորձելով, կարող եմ ավելի առաջ գնալ, այդ ոլորտում էլ կշարունակեմ: Այս պահին դեռ կոնկրետ անելիքներ չունեմ»:

Ի դեպ, Աննան այսօր հանձնել է իր առաջին պետական քննությունը: Քննությունը շատ լավ է հանձնել, թեև առայժմ չգիտի արդյունքների մասին:

Աննա Գրիգորյանը Աննա Գրիգորյանը

Աղբյուր՝ «esyes.am»

«Արզուման»-ի կամուրջը Վերանորագվեց

Սիսիանի տարածաշրջանի Լորձորի հովտում է տեղակայված Դարբաս (նախկինում՝ Ծղուկ գավառի Ըղուերծ, հետո՝ Դարաբաս) գյուղը: Մոտ 20 տարի է` այդ գյուղի զավակներ Արամ և Արմեն Ստեփանյանները բնակվում են Մոսկվայում, բայց շարունակում են գործել նաև հայրենի գյուղում: Նրանց միջոցներով է Դարբասում կառուցվել Սբ. Ստեփանոս եկեղեցին: Իսկ այս անգամ Ստեփանյաններն իրենց ուշադրությունը սևեռեցին Դարբաս գյուղից ներքև՝ Լորա գետի վրա գտնվող Արզումանի կամրջի վրա: Նրանց նախաձեռնությամբ բացված «Դարբաս» հայրենասիրական միություն» հիմնադրամի հավաքված գումարով էլ հոգում են Արզումանի կամրջի վերակառուցման ծախսերը:

«Ստեփանյանների կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ տարեցտարի պակասում է գյուղացիների արտագաղթը: Կարևորն այն է, որ մեր երիտասարդներն իրենց հացը վաստակում են հենց տեղում: Ներկայումս Շամբ, Դարբաս և շրջակա գյուղերից գործարաններում աշխատում են մոտ 150 գյուղաբնակներ»,- պատմում է Դարբաս համայնքի նախկին գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը:

Կամրջից պահպանված միակ արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1675թ.-ին: 17-րդ դարում կառուցված կամուրջը տարիներ շարունակ ավերված վիճակում էր:

Կամուրջ հնարավոր է միայն ոտքով հասնել. ճանապարհ գրեթե չկա: Շինարարական աշխատանքները մեծ դժվարությամբ են ընթանում, քանի որ միակ բեռնակիրն էշն է: Պահպանված միակ արձանագրությունը տեղադրվել է կամրջի ճակատային մասում: Հարևանությամբ կառուցվում է նաև դիտակետ, որը հնարավորություն կտա մարդկանց ավելի մոտից գնահատելու բնության գեղեցկությունը: «Դիվան հայ վիմագրության» գրքում (հեղինակ` Սեդրակ Բարխուդարյան) կամրջի մասին ասվում է. «Կամուրջ. գտնվում է գյուղից ներքև, Լորա գետի վրա. Միակամար գեղեցիկ կառուցվածք է, կամարը սրբատաշ քարերով. Աջ ափն հենված է քարաժայռերի վրա, իսկ ձախ, ցածր ափը արհեստականորեն բարձրացված է պատնեշներով ու թմբով: Համաձայն արձանագրության` շինված է 1675թ.: Իսկ արձանագրությունը տեղադրված էր միակամար կամուրջի ձախափնյա կրունկի հարավային կողին. 9 տող. Գրված է բարձր և անմատչելի տեղում և միայն հեռադիտակով հնարավոր է կարդալ: Վերջին տողը փոքր տառերով է գրված, տեղի նեղության պատճառով»:

Իսկ Գուրգեն Ալավերդյանի «Ըղուվերձ – Դարբաս» գրքում ասվում է. «... Կամուրջը կառուցվել է Ռզվան աղայի հիշատակին, պարսից շահ Սուլեյմանի և տեղի իշխան Մախսութ բեկի օրոք: Սերնդից սերունդ անցնելով` կամուրջը կոչվել է Ըրզմանի կամ Արզումանի: Այդ կամրջով է կապ պահպանվել Տաթևի և Ծղուկի գավառի մյուս գյուղերի միջև: Այդ կամրջով է անցել Խութիս- Շամբ- Դարբաս- Լծեն- Տաթև քարավանային ճանապարհը, որով Պարսկաստան և Արևելքի մյուս երկրներ էին շարժվում Ծղուկ գավառի, Սյունիքի բեռնավորված քարավանները»:

«Տաթև տանող այս կամրջի վերաբացումը նորից կամրապնդի կապը հոգևոր մշակույթի հետ: Արզումանի կամուրջը իր մոտ կկանչի հազարավոր ուխտավորների: Փորձենք բացահայտել բնությունից ժառանգած մեր ազգային հարստությունները»,- ասում է Դարբաս գյուղի քահանա Տեր Ընծան:

«Երեխաներս մոտ են կանգնած իրենց ակունքներին,- հպարտությամբ պատմում է բարերար եղբայրների հայրը՝ Ներսես Ստեփանյանը: - Նրանց հիմնական նպատակն է խթանել գյուղի բարգավաճմանն ու կանխել արտագաղթը: Ու չնայած Մոսկվայում ունեն սեփական բիզնես, այնուամենայնիվ, որդիներս իրենց երեխաների ապագան տեսնում են հայրենիքում»:

Հ.Գ.Գործարար եղբայրները 2010թ.-ին Շամբ գյուղում կառուցել են ջրերի («Տատնի» - «Արսեն և Ներսես» ՍՊԸ) և պահածոների («Շամբ» - «Շամբ բիզնես» ՍՊԸ) արտադրության գործարանները: Դրանք ղեկավարում են ծնողները՝ Ամալյա և Ներսես Ստեփանյանները:

Արզումանի կամուրջը Արզումանի կամուրջը Արզումանի կամուրջը Արզումանի կամուրջը

Աղբյուր՝ «gorispressclub.blogspot.com»