Ներսես Ստեփանյան. «Տատնի» գործարանի գործադիր տնօրեն

Ներսես Ստեփանյան Անցնող տարին «Տատնիի» համար հաջողությունների ամրապնդման եւ կրկնապատկման տարի էր: Հենց այն փաստն, որ այս տարի երկրի նախագահը ԱԺ ընտրությունների նախօրյակին այցելեց գործարան, բակում, ի նշանավորումն իր այցի, եղեւնի տնկեց, խոսում է տարածաշրջանում գործարանի կարեւորության եւ դերի մասին: Այդ այցի արդյունքում էր, որ ասֆալտապատվեց Աղիտու-Շամբհէկ չափազանց անմխիթար եւ վտանգավոր դարձած ճանապարհը եւ ուժի մեջ է մինչեւ Լեռնաշեն հատվածի ասֆալտապատման խոստումը:

Այս տարի, իսկապես, կրկնապատկվել է գործարանի արտադրանքը: Արդեն արտահանվել է 100 տոննա պատրաստի արտադրանք, կարտահանվի եւս մոտ 80-100 տոննա: Մեր արտադրանքը, որ հիմնականում սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, նոր շուկա է գտել: Հատկապես` ջրերի մեծ պահանջարկ են ներկայացնում Արաբական երկրիներից, Ավստրիայից, Ամերիկայից: Այսօր շուկա գտնելը ամենամեծ խնդիրն է, բայց, ինչպես ասում եմն, շուկան ինքն իր ոտքով է գտել մեզ, եւ պիտի կարողանանք նրա պահանջարկը բավարարել: Օրեկան 25 տոննա ջրի, այսինքն` 20-25 հազար շշի պահանջարկ է ներկայացվել: Տեխնիկական որոշ խնդիրներ լուծելուց հետո գործարանի արտադրանքը կսպառվի նաեւ այդ շուկաներում:

Սեզոնի ընթացքում պահածոների գործարանում աշխատեց 100, ջրերի գործարանում` 45-50 մարդ: Անգամ` աշխատուժի պահանջարկ կար, եւ այն ապահովում էինք ոչ միայն Ձորերի ենթաշրջանի բնակավայրերից, այլեւ` Սիսիանից բանվորներ բերելով:

Երկար տարիներ որեւէ կառույցում չաշխատելով` մարդիկ, կարծես, ետ են վարժվել աշխատանքից` անգամ 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում: Հոգեբանական այն արգելքը, որ գերակայությունը տալիս են իրենց կովին, իրենց հողին, իրենց այգուն, ավելի ամուր է նստած գյուղաբնակի հոգեբամության մեջ: Գործարանի առկյությունը, կարծում եմ, կամաց կամաց կհաղթահարի այդ բարդույթը, եւ գյուղացին, նախկինի պես, կնախընտրի աշխատել եւ գործարանում եւ իր հողի եւ այգու վրա:

Տարին հագեցած էր նաեւ բարեգործական ծրագրերի իրականացմամբ: «Սյունիք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցելով` սննդամթերքով օգնեցինք մարզի մանկապարտեզներին ու դպրոցներին: Վերանորոգվեց Արզումանի կամուրջը, շարունակվում է Դարբասի սբ. Ստեփանոս եկեղեցու հովվատան կառուցումը, հաջողությամբ գործում են եկեղեցուն կից բրուտագործական արհեստանոցն ու թանգարանը: Նպատակ ունենք Անգեղակոթում կանդնեցնել Վարդան Զորավարի հուշարձանը:

Ձորը ապրում է` ապրեցնելով ձորեցիներին: Իսկ «Տատնին» Ձորի մարդու ազնիվ աշխատանքի արդյունքը տանում-հասցնում է ամենուր` որպես նրա խորհրդանիշ:
Ներսես Ստեփանյան